«Էրազմուս+» «KPI4HE» ծրագրի երրորդ աշխատանքային փաթեթը համակարգում է ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։ Աշխատանքային փաթեթի շրջանակում շահակից բուհերում փորձարկվելու են ավելի վաղ մշակված Գործունեության առանցքային ցուցանիշները (ԳԱՑ (KPI))։ Դրանք հնարավորություն կտան առավել ամբողջական գնահատելու բուհերի գործունեության արդյունքները և պարզելու այն ոլորտները, որոնցում անհրաժեշտ են բարելավումներ։
Ս.թ. սեպտեմբերի 12-ին կայացավ առցանց հանդիպում, որին մասնակցեցին ՀՀ մասնագիտական կրթության ՈԱԱԿ-ի, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ու շահակից բուհերի ներկայացուցիչները։ Քննարկվեցին ԳԱՑ (KPI)-ի փորձարկման համար ընտրության չափանիշները, դրանց կիրառման մոտեցումներն ու առաջիկա քայլերը:
Քննարկված հարցերից հիմնականներն էին՝
Ո՞ր ցուցանիշներն են առավել կարևոր համալսարանների զարգացման համար (շրջանավարտների տոկոս, ուսանողների ներգրավվածություն, գիտական ծրագրեր և այլն),
Ինչպե՞ս ապահովել չափումների հուսալիությունն ու գործընթացի թափանցիկությունը,
Ինչպե՞ս կիրառել արդյունքները՝ բուհերի ֆինանսավորման և ծրագրերի բարելավման նպատակով։
ԳԱՑ-ի փորձարկումն ու ներդրումը կնպաստեն․
համալսարանների կառավարման և ռազմավարական պլանավորման կատարելագործմանը,
պետական ֆինանսավորման արդար բաշխմանը,
ուսանողների կրթության որակի բարձրացմանը։
«Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծումը» («KPI4HE») «Էրազմուս+»-ի եռամյա ծրագիր է, որն ընդգրկելու է 2024-2027 թվականներն ընկած ժամանակահատվածը:
«KPI4HE» ծրագրի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը և կառավարումը` նպաստելով որակյալ, ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության զարգացմանը Հայաստանում: Ծրագրի սահմանված նպատակներն իրագործվելու են ԳԱՑ (KPI)-ի ազգային շրջանակի մշակման և ներդրման, Ինստիտուցիոնալ հետազոտությունների և պլանավորման ծառայությունների (IRPS) գործարկման և պետական ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների վերանայման միջոցով: