Skip to main content
Գլխավոր
ՀայերենРусскийEnglish
envelope
  1. Գլխավոր
  2. KPI4HE
  3. Ընթացիկ տեղեկատվություն
  4. Կառավարում կատարողականի արդյունքային ցուցանիշներով․ բուհերի ֆինանսավորման ապագա մոդելի քննարկում
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Նախագծի մասին
  • Գործընկերներ
  • Աշխատանքային փաթեթներ
  • Հրապարակումներ
  • Նորություններ
  • Պատկերասրահ
  • Հետադարձ կապ

Կառավարում կատարողականի արդյունքային ցուցանիշներով․ բուհերի ֆինանսավորման ապագա մոդելի քննարկում

Նոյեմբեր 20, 2025

ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում բուհերի պրոռեկտորների հետ՝ քննարկելու բարձրագույն կրթության արդյունավետության ցուցիչների մշակման և կիրառման նոր մոտեցումները։ Քննարկման առանցքում էր այն գաղափարը, որ բուհերի պետական ֆինանսավորումը պետք է հիմնվի արդյունքների վրա՝ արտացոլելով կրթության որակի, կառավարման և ռազմավարական զարգացման իրական արդյունավետությունը։

ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին նոր ընդունված օրենքը նախատեսում է բուհերի ֆինանսավորման կատարողականի արդյունքների ցուցանիշների (ԿԱՑ) վրա հիմնված մոտեցում։ Այս մոդելը, որը կիրառում են եվրոպական կրթական տարածքի առաջատար երկրները, հնարավորություն է ստեղծում կրթական համակարգը դարձնելու առավել թափանցիկ, հաշվետու և ռազմավարական նպատակներով կառավարվող։

Ռուբեն Թոփչյանը միաժամանակ շեշտեց, որ ԿԱՑ-ը պետք է նպաստի ոչ միայն տվյալների հավաքագրմանը, այլև ռազմավարական մտածողության ձևավորմանը բուհերում։ Այդ ցուցիչներով հնարավոր կլինի գնահատել կրթության արդյունքները, կառավարման գործընթացների արդյունավետությունը և բուհերի ներդրումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։

Կատարողականի արդյունքային ցուցանիշների մշակման աշխատանքներ իրականացվում են «Erasmus+» «KPI4HE» եռամյա ծրագրի շրջանակում, որի համակարգողն է Երևանի պետական համալսարանը։ Մշակված ցուցանիշներն առաջիկայում փորձարկվելու են ծրագրի շահակից բուհերում։ Հանդիպման նպատակն էր ծրագրի շրջանակում ընտրված ԿԱՑ-ի իրատեսականությունը և կիրառելիությունը քննարկել ավելի լայն մակարդակում՝ բոլոր բուհերի ներգրավմամբ, քանի որ ապագայում ԿԱՑ-ի համակարգը վերաբերվելու է բարձրագույն կրթության ամբողջ դաշտին։

ՈԱԱԿ-ի ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը ներկայացրեց տվյալների հավաքագրման այն վեց հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ «KPI4HE» ծրագրի շրջանակում շահակիցները պետք է տվյալներ հավաքագրեն, այն է՝ կադրային ներուժի ձևավորում, համագործակցությունների զարգացում, հավասար հնարավորությունների ապահովում, ուսումնական միջավայրի որակ, կառավարման արդյունավետություն, հետազոտություն և նորարարություն։ «KPI4HE» ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում է ԿԱՑ-ի փորձարկում երկու հիմնական ուղղություններով՝ կադրային ներուժի զարգացում և կառավարման արդյունավետություն, որոնք ընտրվել են՝ հիմք ընդունելով եվրոպական հաջողված մոդելները։

Քննարկման ընթացքում բարձրացվեցին նաև աշխատաշուկայի կարիքների քարտեզագրման, շրջանավարտների զբաղվածության, կրթական ծրագրերի արդիականացման և ուսանողների կարողությունների ձևավորման հետ կապված հարցեր։ Մասնակիցները կարևորեցին միասնական մեթոդաբանության մշակումը, որը թույլ կտա գնահատել բուհերի արդյունավետությունը:

Հավելենք՝ ԿԱՑ-ի մշակման գործընթացը պետք է դիտարկվի որպես կրթական համակարգի բարելավման գործիք, ոչ թե վարչական պարտավորություն։ Բուհերի ակտիվ մասնակցությունը, առաջարկությունների ներառումը և տվյալների բաց ու հիմնավորված վերլուծությունը կօգնեն ձևավորելու կայուն և արդարացված ֆինանսավորման համակարգ՝ ուղղված կրթության որակի բարձրացմանը և երկրի մարդկային կապիտալի հզորացմանը։

  • Գլխավոր էջ
  • Նախագծի մասին
  • Գործընկերներ
  • Աշխատանքային փաթեթներ
  • Հրապարակումներ
  • Նորություններ
  • Պատկերասրահ
  • Հետադարձ կապ