ԵՊՀ-ում մեկնարկեց «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) նախագիծը:
Ծրագիրը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք կնպաստեն որակյալ ու ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության զարգացմանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակման և ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման և պլանավորման ծառայությունների գործարկման, ինչպես նաև հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշների վերանայման միջոցներով (համաձայն ԳԱՑԱՇ-ի):
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով նախագծի նշանակությունը, ընդգծեց, որ այն մեծ հաջողություն է ոչ միայն ԵՊՀ-ի, այլև ՀՀ կրթական համակարգի համար։
«Նմանօրինակ ծրագրերը նպաստում են բարձրագույն կրթական համակարգի լավարկմանը: ԵՊՀ-ն, կարևորելով որակյալ կրթության ու մարդկային կապիտալի շարունակական զարգացումը, այդ ուղղությամբ իրականացնում է տարբեր ծրագրեր, սակայն այսօրինակ նախագծի միջոցով այն ավելի է շեշտադրվում: Նախագիծը, որի մի հատվածը վերաբերում է ընդհանուր վարչական բարեփոխումներին, մյուսը՝ կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարմանը, ընդհանուր առմամբ, կարևոր է բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների և զարգացման համար»,- նշեց ԵՊՀ ռեկտորը՝ հավելելով, որ նախորդ տարիներին ԵՊՀ զարգացման համար հռչակած նպատակները տարբեր ցուցանիշներով գերազանցել են, այսօրինակ ծրագրերն էլ կխթանեն այդ ցուցանիշների լավարկումը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ընդգծելով ծրագրի արդիականությունը, շեշտեց. «Սա կարևոր ծրագիր է, քանի որ համահունչ է կրթական բարեփոխումների ներկայիս փուլին: Մենք ունենք հստակ թիրախային ցուցիչներ մեր բուհերի կրթական որակի բարձրացման համար և, կարծում եմ, այս ծրագիրը կնպաստի դրան: Ծրագրում հիմնականում շեշտադրվում են ներառականությունը, կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարումը (էկոլոգիական կրթության ընդգրկումը) և թվայնացումը: Նշեմ, որ կրթության ոլորտում մեր երկխոսությունը ԵՄ-ի հետ շարունակական է, և նմանօրինակ ծրագրերը մեր կրթական համակարգերը մոտեցնում են եվրոպականին, ինչն էլ նպաստում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծեց, որ բազմաշերտ համագործակցության շրջանակում իրագործել են նմանօրինակ մի շարք ծրագրեր, որոնք միտված են եղել կրթության որակի բարելավմանը։
«Սա մեր համատեղ գործակցության մեծ ձեռքբերումներից մեկն է, և մենք շարունակում ենք աշխատել մեր գործակցության ընդլայնման ուղղությամբ։ Այժմ Հայաստանը և ԵՄ-ն ձեռք են բերել նաև բազմակողմ գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում կատարվող բարեփոխումների նպատակը մարդկային ներուժի, մարդկային կապիտալի զարգացումն է»,- ասաց Վասիլիս Մարագոսը։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, KPI4HE նախագծի համակարգող Ալեքսանդր Մարգարովը, խոսելով որակյալ կրթության չափելիության մասին, ասաց, որ նախագծի շրջանակում ՀՀ բուհերը երեք տարվա ընթացքում մշակելու են գործունեության առանցքային ցուցիչների համակարգ:
«Մշակվելու են համապատասխան ցուցիչներ, որոնք հնարավորություն կտան չափելու կրթության որակը: Ըստ նախագծի նպատակի՝ բուհերը զարգացնելու են ռազմավարական պլանավորման ունակությունները, հնարավորությունները ՀՀ բուհական կրթական համակարգում: Բուհական կրթական համակարգի որակի չափելիության համար հիմնարար ուղղություններից են կրթական ծրագրերը, գիտությունը, նորարարությունը, ծառայությունը հանրությանը և այլն։ Այս ոլորտներն առանձնացնելիս տեսնում ենք, որ կրթական համակարգում ունենք համապատասխան խնդիրներ: Դրանց համար մշակվում են գործունեության առանցքային ցուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում չափելու, թե ինչ է արվել, ինչպես է արվել և անհրաժեշտության դեպքում ինչպես կարելի է փոխել այն»,- նշեց Ա. Մարգարովը:
Միջոցառմանը նախագծի իրականացումն ու կրթական համակարգում ներդրվող փոփոխությունները կարևորեց նաև Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:
Նշենք, որ ազգային այս եռամյա ծրագրի համակարգողը Երևանի պետական համալսարանն է, մասնակիցները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), ՀՀ հինգ բուհեր, մեկ ՀԿ, ինչպես նաև եվրոպական երեք բուհեր (Դրեզդենի տեխնիկական, Օլդենբուրգի (Գերմանիա) և Ջենովայի (Իտալիա) համալսարանները):
|
|
|
|